(սկիզբը` այստեղ)
ԳԼՈՒԽ Ի
ՈՉ ԹԵ ԽՈՏԵԼԻԻՆ ԵՎ ԱՆԱՐԳԻՆ, ԱՅԼ ԱՆԱՐԱՏԻՆ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ որպես կարգն է քահանայության, ընտրվածները անարատ և մամոնայի կողմից սուրբ լինեն, եկեղեցու օրենքների ու կարգերի մեջ հմուտ, ոչ անարգներից, այլ ընտրվածների միջից ընտրվածին դարձնեն քահանայապետ, մարդկանց գլխավոր, միջնորդ Աստծո և մարդու միջև, որովհետև գլուխը և առաջնորդը ամենքին է երևում, որովհետև նա է պատասխանատու չարության և բարության, մեղքի և արդարության համար, որովհետև դետ և հովիվ է, ինչպես Սամուելը, որ շրջում և կարգեր ու հրամաններ էր արձակում՝ համաձայն Եզեկիելի մարգարեության:
ԳԼՈՒԽ ԻԱ
ԱՆԸՆՉԱՍԵՐԻՆ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ովքեր որ միայն իրենց ստացվածքներով են (բավարարվում) և հեռու են մամոնայից, արծաթի շահի հետևից չեն գնում և ձեռքերը սուրբ են կաշառքներից, մտքերը՝ ազատ չարությունից և կատարյալ են իրենց խորհուրդներով, ի սեր Աստծո, նրա՛նք ընտրվեն Տիրոջ սեղանի պաշտոնյաներ, որովհետև, եթե ղևտացիները ամենայն ունեցվածքից, կալվածքից և եղբայրների բաժնից հեռանում և միայն իրենց ծառայությամբ էին մերձենում Աստծուն, որչա՜փ ևս առավել Նոր ՈՒխտի սպասավորները՝ միջնորդներն ու Քրիստոսի պաշտոնյաները պիտի լինեն անարատ և անմեղ:
ԳԼՈՒԽ ԻԲ
ԱՄԲԱՐՏԱՎԱՆՆԵՐԻՆ ՉՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամբարտավանները, հպարտները, սեգերը, սնափառները, ատեցողները, «ուտողները», արբեցողները, ուսումը ատողները, քնեածները, ծույլերը, հմայողները, չարին նախանձավորները, չարին ցանկամիտները, պատվասերները, խստասիրտները, նեղսիրտները, ցոփասիրտները, հանդուգները, անգութներն ու անողորմները, կռվողներն ու ոխակալները, քսուներն ու շողոմները և ովքեր սրանց նման են՝ քահանայության պաշտոնին մոտ չգան, որովհետև գրված է. «Հեռո՛ւ գնացեք Ինձնից ամենքդ, որ անօրենություն եք գործում»:
ԳԼՈՒԽ ԻԳ
ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ինչպես Տերը հրաման տվեց և պատվիրեց մեզ. «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակվա՛ծ լինի երկնքում, և ինչ որ կապեք երկրի վրա, կապվա՛ծ լինի երկնքում», նույնպես և հրաման տվեց, քահանաներին և երեցության կարգ ունեցողներին՝ արժանիներին միաբան օրհնել և անարժաններին միաբան կապել և այդպե՛ս ընդունել: Եվ ում կապեն, կապվա՛ծ մնա, մինչև հնազանդվի առաջնորդին: Իսկ եթե նրանք, որոնց պարտքը չէ այդ կատարել, անարժանորեն որևէ մեկին եթե կապեն, պատիժ ու պատուհաս պիտի ընդունեն, քանի որ իզուր կապեցին: Բայց ովքեր որ կապվեցին, թող ախորժելով ընդունեն իրենց կապերը, որպես արժանի է կապվածներին:
ԳԼՈՒԽ
ԻԴ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՕԾՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ մարդկանցից ոչ մեկը, որ քահանայության օծում չի ընդունել, չհանդգնի իշխանությամբ ասել որևէ բան՝ իբրև քահանա: Կամ քահանան աչառություն անելով չգործի որևէ բան՝ առանց օրենքների և իրավունքների, այլ արդարությամբ և անակնառությամբ:
ԳԼՈՒԽ ԻԵ
ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ՊԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ոչ ոք երբեք չանարգի, չանգոսնի և չարհամարհի քահանային, նա, ով քահանային է անարգում, իմանա, որ Աստծուն է անարգում, որովհետև քահանան սպասավոր է ձեզ բարու համար, և հաշիվ է տալու ձեր հոգիների փոխարեն, չէ՞ որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին մի՛ բամբասիր»:
ԳԼՈՒԽ ԻԶ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ նրանք, ովքեր դատավորի աստիճան ունեն և դատաստան տեսնելու իրավունք, եթե թերանան իրենց պարտավորության մեջ և երեսանց աչառություն անելով պարտավորեցնեն արդարին, իսկ պարտավորին արդարացնեն, նմանները այլևս չթողնվեն դատավորության կարգի մեջ և պատուհասի տրվելով՝ կշտամբվեն, որովհետև Մովսեսի աստվածային ձեռքով գրված օրենքները չիմացան, որ ասում է՝ «Դատաստանի իրավունքը մի՛ շեղիր» և «Իրավունք պահելու համար կաշառք մի՛ վերցրու»:
ԳԼՈՒԽ ԻԷ
ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե մեկը ճշմարիտ վախճան ունենա, կամ Փրկչի անվանը հավատարիմ վկա լինելով խողխողվի անիրավների կողմից՝ իր նեղությունների մեջ խոստովանելով Քրիստոսին, և այդ Նրա անվան համար լինի, նրանց մահվան օրը նրանց հիշատակը կատարեն և նրանց ոսկորների նշխարները որպես պատիվ վերցնելով՝ փառավորեն Քրիստոսին, որ նրանց հետ, նրանց նման՝ մենք էլ այդպիսի համբերություն, հորդորում և մեր մեղքերի համար թողություն գտնենք և ունենանք:
ԳԼՈՒԽ ԻԸ
ԹԱԳԱՎՈՐԻՆ ԲԵՄ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ թագավորները, որոնք հավատ ունեն սուրբ եկեղեցու նկատմամբ, և խոստովանում են Քրիստոսին, իշխանություն ունենան քահանաների հետ բեմ ելնելու, ինչպես Դավիթը, և նրանք, ովքեր Դավթի նման էին: Համաձայն մարգարեությունների, եթե թագավորը հույսը դրեց Տիրոջ վրա, Բարձրյալի ողորմությունից նրան մի՛ զրկիր, բայց այլ բան թույլ տալ էլ մի՛ համարձակվիր, որովհետև գուցե Ոզիայի պես պատուհասված իջնի վար:
ԳԼՈՒԽ ԻԹ
ԴԱՎԹԻ ՍԱՂՄՈՍՆԵՐՈՎ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Եկեղեցում պաշտամունքի ժամանակ Դավթի սաղմոսներն ու օրհնությունները ասվեն, պաշտամունքը կատարելով օրըստօրե և ամեն ժամ, ինչպես գրված է մարգարեություններում և Դավթի ՃԾ սաղմոսում, ինչպես որ ասվել է. «Օրհնեցե՛ք Տիրոջը ամենայն ժամ, ամենայն ժամ իմ բերանի մեջ է նրա օրհնությունը» և «Տիրոջ օրենքի մասին խորհեցի ողջ ցերեկը և ողջ գիշերը»: Սաղմոս ասել և ի մտի առնել, թե. «Լսելի արեցի Նրա օրհնության ձայնը» և դարձյալ թե՝ «Սաղմոսնե՛ր ասացեք մեր Աստծուն և Թագավորին, սաղմոսնե՛ր ասացեք»:
ԳԼՈՒԽ Լ
ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ ԲԱՑԻ, ԱՅԼ ԳՐՔԵՐ ԲԵՄԻՑ ՉԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Եկեղեցում ընթերցվեն Հին կտակարանը, Օրենքը, մարգարեներին և Նոր կտակարանը, և կարդացվածները լինեն մեր Փրկչի՝ Քրիստոսի կենարար չարչարանքների մասին, և ընթերցվեն ավետարանիչների գործերն ու թղթերը՝ ճշմարտության Խոսքի քարոզության վերաբերյալ: Նաև՝ Փրկչի աշակերտների վարդապետությունը, իսկ սրանցից ավելի բեմից չընթերցվեն:
ԳԼՈՒԽ ԼԱ
ՍՈՒՐԲ ՍԵՂԱՆ ՏԱՔ ՀԱՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ Պատարագի հացը նույն օրը եփվի և նույն օրը ելնի սեղան և իշխանություն չլինի հանկարծ թե՝ նախորդ օրվանը հանելու, այլ Մովսեսի օրինակի նման վարվել, որ չպակասեցրեց ջերմ հացը Տիրոջ երեսից:
ԳԼՈՒԽ ԼԲ
ԿՈՒՅՍ ՄՆԱԼ ԿԱՄԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ եթե որևէ մեկը իր պաշտոնի կարգի համաձայն կամենում է ըստ եկեղեցու ուխտի կույս մնալ, տրվել բարի գործերի, թող համարձակ լինի տեղ-տեղ վանքեր կառուցելու, օրենքով և սրբության կարգով հավատացյալների հավաքվելու համար: Այդպիսիները կերակուրներից պարկեշտությամբ զգուշանան և հեռանան զինվորական զգեստներից՝ նմանվելով Աստծո հրեշտակների պաշտոնին և երկնքի զվարթուններին: Որովհետև Հեսուն՝ Մովսեսի պաշտոնյան և Եղիան՝ Աստծո նախանձավորը, և Երեմիա մարգարեն ու մեծ մարգարե Հովհաննես Մկրտիչը՝ սրանք ամենքը կուսությամբ և պարկեշտությամբ կատարեցին Աստծո կամքը իրենց երկրավոր կյանքերի մեջ: ՈՒ թեև բռնություններով էին ծածկված, սակայն վաստակեցին երկնքի արքայությունը:
ԳԼՈՒԽ ԼԳ
ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԿԱՄԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ որպես որ սկզբից Աստված էր ամուսնությամբ զուգել տղամարդուն և կնոջը` դարձնելով նրանց միմյանց օգնական և օրհնել էր նրանց, նույնպես և սահմանված ու հաստատված է առաքելական հրամանը՝ նույն սրբությամբ միավորել ամուսնությունը՝ օրենքով և քահանայության աջի օրհնությամբ զարդարուն: Եվ, ինչպես որ Արարիչն Աստված պատվիրեց Մովսեսին, թե՝ «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, Ե՛ս եմ ձեր Տեր Աստվածը, և դուք իմ պատվիրանների մեջ զգո՛ւյշ մնացեք և եգիպտացիների կրոնի հետևից մի՛ գնացեք, որտեղից որ դուրս եք եկել և քանանացիների ընթացքի նման գործեր չգործե՛ք»: Եվ ասում է. «Որևէ մարդ իր մարմնի ընտանության անդամներին չմերձենա և իր արյունակից մերձավորների մերկությունը չբանա, քո դստեր մերկությունը չբանաս, մորդ եղբայրների և հորդ եղբայրների մերկությունը չբանաս, քո հոր կնոջ մերկությունը չբանաս, քո հոր մորեղբոր մերկությունը չբանաս, քո մորեղբոր որդու մերկությունը չբանաս, չամուսնանաս՝ պղծվելով նրանց հետ»: Սույնի նման և Երկրորդ օրինաց գրքում օրենսդիր Մովսեսը անեծքներ կարգեց, որ ասում է. «Անիծյա՛լ լինի նա, ով քնում է իր հոր կնոջ հետ, որովհետև իր հոր մերկությունը հայտնի արեց, անիծյա՛լ լինի նա, ով քնում է իր մորեղբոր հետ և ամենայն ժողովուրդը «անիծյա՛լ լինի» խոսքին ասեն՝ ամե՛ն»: Նույնպես և սահմանված է առաքելական կանոնների մեջ, որ որևէ մարդ, իր ընտանության անդամներին՝ հարազատներին չմերձենա շնությամբ կամ ամուսնությամբ: Եվ մինչև իր հարազատների չորրորդ զարմը՝ իշխանություն չունենա ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ:
(շարունակելի)
Գրաբարից փոխադրեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ